Հայ ժողովրդական կուսակցություն
Հայ ժողովրդական կուսակցություն Հայ ժողովրդական կուսակցութիւն | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Ռուսական կայսրություն Հայաստանի Առաջին Հանրապետություն |
Առաջնորդ | Միքայել Պապաջանյան |
Հիմնադրված | ապրիլի 11, 1917 |
Լուծարված | 1921 |
Գաղափարախոսություն | Լիբերալիզմ Պոպուլիզմ |
Հաջորդ | Ռամկավար ազատական կուսակցություն |
Հայ ժողովրդական կուսակցություն (կրճատ՝ ՀԺԿ, արմտ. հայ.՝ Հայ ժողովրդական կուսակցութիւն), հայկական լիբերալ կուսակցություն։ Հիմնել են հայ կադետները 1917 թվականի ապրիլի 11-ին, Թիֆլիսում։ Կենտրոնական պաշտոնաթերթերն էին՝ «Ժողովրդի ձայն» (1918-1919, Թիֆլիս), «Ժողովուրդ» (1919-1920, Երևան)։
1921 թվականի հակախորհրդային Փետրվարյան ապստամբության պարտությունից հետո Հայ ժողովրդական կուսակցության ղեկավարները հեռացան Հայաստանից։ 1921 թվականի հոկտեմբերի 1-ին Սահմանադրական Ռամկավար կուսակցության, Ազատական կուսակցության (նախկին՝ վերակազմյալ հնչակյանները) և Հայ ժողովրդական կուսակցության արտասահմանում գտնվող անդամները և այլ խմբավորումներ միավորվեցին՝ կազմելով Ռամկավար ազատական կուսակցությունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1917 թվականի սեպտեմբերին կայացել է կուսակցության համագումարը, որի ժամանակ ընդունվել է ծրագիր և կանոնադրություն, ստեղծվել կենտրոնական բյուրո, նախագահ է ընտրվել Միքայել Պապաջանյանը, փոխնախագահներ՝ Համբարձում Առաքելյան, Ի. Ամիրյանը, Կ. Ստեփանյանը, քարտուղարներ՝ Ստեփան Մալխասյանցը և Լ. Դանիելյանը։ Կուսակցությունն իրեն հայտարարել էր ապադասակարգային, համազգային, որի առաջին ծրագրի սոցիալական հարցերը փոխառնված էին ռուսական Սահմանադիր դեմոկրատական կուսակցության ծրագրից՝ ավելացրած միայն ազգային հարցը, ըստ որի, արևելյան Հայաստանի համար պահանջվում էր ազգտարածքային ինքնավարություն, իսկ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայության համար՝ մշակութա-ազգային ինքնավարություն։ Հայ ժողովրդական կուսակցությունը հայկական հարցը համարում էր միջազգային հարց, որի լուծումը թողնում էր արևմտահայերին՝ խոստանալով միջազգային կոնգրեսում աջակցել նրանց։ Հայ ժողովրդական կուսակցություն 2-րդ համագումարը (1919 թվականի սեպտեմբեր) ընդունեց նոր ծրագիր, առաջ քաշեց «միացյալ և ամբողջական» Հայաստանի ստեղծման խնդիրը։ Միացյալ և ամբողջական Հայաստանի մեջ պետք է մտնեին՝ արևելյան Հայաստանը, արևմտյան Հայաստանը (վեց նահանգներով), ինչպես նաև Կիլիկիան։ Միացյալ և ամբողջական Հայաստանը պետք է լիներ ժողովրդավարական, պառլամենտական հանրապետություն, պետական լեզուն՝ հայերենը։ Հայաստանից դուրս ապրող հայության համար կուսակցությունն ուժի մեջ էր թողնում մշակութա-ազգային ինքնավարության պահանջը։
Կուսակցությունը ողջունել է 1917 թվականի փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը, պատրաստակամություն հայտնել աջակցել Ոուսաստանի ժամանակավոր կառավարությանը և հայտարարել, որ ազգային, սոցիալական բոլոր կարևորագույն խնդիրների լուծումը պետք է թողնել Սահմանադիր ժողովին։ Հայաստանում, ինչպես նաև Վրաստանի, Ադրբեջանի, Հյուսիսային Կովկասի ու Միջին Ասիայի հայաբնակ վայրերում Հայ ժողովրդական կուսակցություն 1917-1921 թվականներին ստեղծել է ավելի քան 50 ճյուղ ու ենթաճյուղ։
Կուսակցությունն ուներ 204 ներկայացուցիչներից 43-ը 1917 թվականի հոկտեմբերին կազմված Հայոց ազգային կոնգրեսում[1] և 15 տեղերից երկուսը հետագա Հայոց ազգային խորհրդում[2]։
Հայաստանի Հանրապետության 1918 թվականի օգոստոսի 1-ին բացված խորհրդարանում կուսակցությունն ունեցել է 6 պատգամավոր։ 1919 թվականի մայիսի 28-ին ՀՀ խորհրդարանը Հայաստանը հռչակեց միացյալ և անկախ հանրապետություն. այդ չընդունեցին Հայ ժողովրդական կուսակցություն անդամները և հունիսի 4-ին դուրս եկան կառավարության կազմից։ Հայ ժողովրդական կուսակցություն չկարողացավ իր հետևից տանել ժողովրդական լայն զանգվածներին և ազդեցիկ դիրք գրավել հայ իրականության մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական հարց հանրագիտարան (Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1996)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 125)։ |